2020 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:
240 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը (մ.թ. XIII դ.). այն գտնվում է Արփա գետի վրա, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ դեպի արևմուտք: Միակամար կամուրջը գործել է մինչև 1970-ական թվականները: 330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզի Մարմաշենի վանքը (մ.թ. X-XI դդ.): Մարմաշենի վանքը տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին, հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թվականներին: 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարը (մ.թ. VI դ.): Երերույքը եռանավ բազիլիկ է՝ երեք զույգ խաչաձև մույթերով, չորս անկյուններում երկհարկ սենյակներով: Ունի հարուստ դեկորատիվ հարդարանք:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայփոստ» ՓԲ ընկերության, Հայաստանի ֆիլատելիստների միության համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է նպաստել առավել վտանգված պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը: Ապահովել հանրության ներգրավվածությունը և Հայաստան ժամանող հյուրերի մասնակցությունը պատմամշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ջանքերին: